Encyclopedia

Ֆրիդրիխ Շիլլեր

Բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերը գերմանական դասական գրականության հիմնադիրներից է, ռոմանտիզմի ներկայացուցիչ: 1772թ. ավարտել է Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցը, 1780թ.՝ ռազմական ակադեմիան, որտեղ սովորել է նախ`   իրավաբանություն, ապա՝ բժշկություն: Նա՝ որպես բժիշկ, աշխատել է Շտուտգարդի գնդում:
Ուսանողական տարիներին հրապուրվել է XVIII դարի վերջին Գերմանիայում հայտնի «Գրոհ և փոթորիկ» գրական շարժման, ֆրանսիական և անգլիական լուսավորիչ-փիլիսոփաների գաղափարներով: Նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման վրա մեծապես ազդել են գերմանական հակաավատատիրական հրապարակախոսությունը և ամերիկյան ազատագրական շարժումները:
 
Շիլլերը հայտնի է դարձել «Ավազակներ» (1781թ.) դրամայով, որտեղ պատկերել է ժամանակի իրականության ողբերգականությունը, թշնամանքն ու ատելությունը մարդկային փոխհարաբերություններում: Գլխավոր հերոսը՝ Կարլ Մոորը, բացահայտելով եղբոր հրեշավոր հանցագործությունը, ընկալում է այն որպես համընդհանուր անբարոյականություն և վրեժ լուծում շրջապատի մարդկանցից: 
 
1782թ. Մանհայմում «Ավազակների» բեմադրությունը դիտելու համար Շիլլերն առանց թույլտվության բացակայել է գնդից, որի համար նրան կալանավորել են և պարտադրել ստեղծագործել միայն բժշկական թեմայով: Նա ստիպված հեռացել է Շտուտգարդից, 1782թ.-ից ապրել է Գերմանիայի տարբեր քաղաքներում: 1783թ. հրատարակել է «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1784թ.՝ «Սեր և խարդավանք» դրամաները:
 
Շիլլերն իր դրամատիկական ու քնարական առաջին ստեղծագործություններով նոր թափ և հասարակական հնչողություն է հաղորդել «Գրոհ և փոթորիկ» շարժմանը: Առանձնապես մեծ նշանակություն է ունեցել «Սեր և խարդավանք» պիեսը, որը գերմանական գրականության մեջ առաջին քաղաքական դրաման է, որտեղ գրողն արտացոլել է ժամանակի սոցիալական հակասություններն ազնվականության և իրավազուրկ ժողովրդի միջև:
 
1783–87թթ. Շիլլերը գրել է «Դոն Կառլոս» դրաման, որտեղ պատկերել է պայքարը բացարձակ միահեծան գաղափարախոսության և ազատատենչ բանականության միջև: Դրամայում մարկիզ Պոզայի կերպարով հեղինակն ընդգծել է վեհանձն գաղափարապաշտի ողբերգական վիճակը հակասական իրականության մեջ: Հերոսը երազում էր «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր և բարի թագավորների կամքով կհաղթանակեր արդարությունը:
 
1787–93թթ. Շիլլերն իրեն հուզող հասարակական-քաղաքական հարցերի պատասխանները փնտրելու համար ուսումնասիրել է անցյալը: 1788թ. խմբագրել է «Նշանավոր ապստամբությունների և դավադրությունների պատմություն» խորագրով մատենաշարը: Գրել է «Իսպանիայի գերիշխանությունից Նիդերլանդների դուրս գալու պատմությունը» (հատոր 1, 1788թ.), «Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1793թ.) աշխատությունները:
 
Գրողը ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և 1792թ. Կոնվենտը (օրենսդիր և գործադիր մարմին) նրան՝ «իբրև մարդկության և ազատության բարեկամի», արժանացրել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման: Ընդունելով հեղափոխության նշանակությունը՝ մերժել է հասարակության վերակառուցման հեղափոխական՝ արմատական միջոցները, առաջադրել է գեղագիտական դաստիարակության ընդարձակ ծրագիր:
 
Շիլլերը Կանտի փիլիսոփայության ազդեցությամբ գրել է «Ողբերգականն արվեստում» (1792թ.), «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» (1795թ.), «Պարզամիտ և սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795–96թթ.) և այլ աշխատություններ: 1799թ. Շիլլերը հաստատվել է Վայմարում, որտեղ մտերմացել է Վոլֆգանգ Գյոթեի հետ:
 
Վայմարյան շրջանում Շիլլերը գրել է բալլադներ («Ձեռնոց», «Իբիկոսի կռունկները»), բանաստեղծություններ («Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Իդեալն ու կյանքը», «Հունաստանի աստվածները»), «Վալլենշտայն» (հրատարակվել է 1800թ.) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801թ.), «Օռլեանի կույսը» (1801թ.), «Վիլհելմ Տելլ» (1804թ.) դրամաները:
 
Շիլլերը դրամաներում ներկայացրել է մարդու ողբերգական ճակատագիրը պատմության բեկումնային շրջաններում: Նրա դրամատուրգիան մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության (Հենրի Իբսեն, Գերհարդ Հաուպտման, Բեռնարդ Շոու, Բերտոլդ Բրեխտ, Ժան-Պոլ Սարտր) զարգացման վրա: Շիլլերը ծանոթ էր նաև հայ ժողովրդի պատմությանը:
 
Նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է: Շիլլերի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը, ապա նաև Ղևոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Րաֆֆին և ուրիշներ: Հայկական թատրոնում բեմադրվել են Շիլլերի «Ավազակներ», «Սեր և Խարդավանք», «Վիլհելմ Տելլ», «Դոն Կառլոս», «Մարիա Ստյուարտ» և այլ գործեր:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.